Նոր ուսումնական տարվա դասագրքերի փորձարկումը սկսվել է.ԿԱԻ
Կրթության ազգային ինստիտուտը սկսել է 2014թ-ին կիրառության մեջ մտնող դասագրքերի փորձարկումը: Այդ դասագրքերից 36-ի փորձաշրջանն արդեն սկսվել է: Մինչ ԿԳՆ-ը կհաստատի, ուսուցիչները 2013-ի նոյեմբերից մինչեւ 2014-ի ապրիլը հնարավորություն կունենան մանրամասն ուսումնասիրելու դրանք:
«Յուրաքանչյուր դասագիրք փորձարկվում է առնվազն հինգ դպրոցներում: Ուսուցիչները փորձարկում են, իսկ դպրոցի տնօրենները ստույգ պարտավորություններ են ունենում փորձարկման շրջանի ավարտից հետո դասագիրքը ներկայացնել ԿԱԻ' ուսուցիչների արված դիտողությունների և առաջարկությունների հետ մեկտեղ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը:
ԿԱԻ-ի տնօրենի հավաստմամբ, իրենք չգիտեն, թե ինչու են ուսուցիչները սկսում բողոքել գրքերի բովանդակությունից դրանց հրատարակումից հետո: «Նրանց հնարավորություն է տրված 6 ամիս այդ դասագրքերն ուսումնասիրել եւ իրենց դժգոհությունների մասին մեզ տեղյակ պահել: Ստացվում է, որ ուսուցիչները բողոքում են չորս տարով անշտկելիի մասին»,-ասաց Ղուկասյանը:
Նորայր Ղուկասյանի խոսքերով անցած տարի 91 դպրոցներում իրականացված փորձարկումներից հետո միայն 12-ից ստացված կարծիքներն են հաշվի առնվել: