Նիդեռլանդների կառավարությունը մինչեւ 3,5 միլիարդ եվրո է ներդնում ռազմական գնումների համար
Նիդեռլանդների կառավարությունը ռազմական գնումների համար ներդնում է մինչեւ 3,5 միլիարդ եվրո։ Տարիներ շարունակ ծախսերի կրճատումից հետո հոլանդացի զինվորականները 2023-2026 թվականներին կգնեն հրթիռահրետանային համակարգ եւ 10 հաուբից՝ մինչեւ 1 միլիարդ եվրոյով, գրում է Reuters-ը։
Նիդեռլանդները կգնի նաեւ հակաօդային պաշտպանության շարժական համակարգ՝ մինչեւ 2,5 միլիարդ եվրո արժողությամբ։ Այս մասին խորհրդարանին ուղղված նամակում գրել է պաշտպանության կրտսեր նախարար Քրիստոֆ վան դեր Մաատը։
«Եվրոպական մայրցամաքում պատերազմն ընդգծում է բոլոր ոլորտներում գործելու անհրաժեշտությունը»,-ասել է նա։
Նիդեռլանդները հրթիռային հրետանի չի ունեցել 2004 թվականից ի վեր, երբ պաշտպանության բյուջեի կրճատումները հանգեցրել են համակարգի վաճառքին Ֆինլանդիային:
Վան դեր Մաատի խոսքով՝ նոր շարժական ՀՕՊ համակարգը նախատեսված է բարելավելու պաշտպանությունը հակառակորդի ուղղաթիռներից, ինքնաթիռներից, անօդաչու թռչող սարքերից եւ թեւավոր հրթիռներից: