Արցախի ԱԻՊԾ սակրավորները հայտնաբերել են 9 միավոր տարբեր տեսակի ռազմամթերք
Սեպտեմբերի 19-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 659 ահազանգ:
Ահազանգերի թվում արձանագրվել է տեխնածին 20, բնածին 17 և սոցիալ-կենցաղային բնույթի 22 կանչ:
Նախորդ շաբաթվա ընթացքում աճել է կենցաղային և տեխնածին պատահարների քանակը: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին՝ կատարելով փակված 14 դռան և 3 վերելակի բացում, առողջական խնդիր ունեցող 2 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է բժշկական հաստատություն: 1 ահազանգ ստացվել է Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած վարորդին օգնություն ցուցաբերելու համար, փրկարարները համագործակցելով շտապ օգնության աշխատակիցների հետ ժամանակին մեկնել են դեպքի վայր և կազմակերպել բոլոր անհրաժեշտ միջոցառումները : 1 դեպքում փրկարարները կատարել են բարձունքային աշխատանք: 2 ելք իրականացվել է ջրամատակարարման նպատակով և 6 դեպքում փրկարարներն արձագանքել են այլ բնույթի կանչերի:
Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհի 17 դեպք, որոնք հիմնականում արձանագրվել են չոր խոտատարածքներում: Ժամանակին դեպքի վայր մեկնած հրշեջ-հաշվարկները կարողացել են լիկվիդացնել կրակը և ապահովել բնակիչների անվտանգությունը:
Գրանցված դեպքերի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
ԱԻ պետական ծառայության սակրավորները շաբաթվա ընթացքում հետախուզական և ոչնչացման աշխատանքներ իրականացնելու նպատակով կատարել են 4 ելք, ընդհանուր առմամաբ հայտնաբերելով 9 միավոր տարբեր տեսակի ռազմամթերք: Իրականացված աշխատանքների արդյունքում ականազերծվել է 600մ2 տարածք:
ԱԻ պետական ծառայության կենտրոնական ապարատի և շրջանային բաժինների բոլոր ստորաբաժանումները բնակչության անվտանգության ապահովման նպատակով ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն: