Գերմանիան մասնակի մոբիլիզացիայի մասին Պուտինի հայտարարությունը «վատ և սխալ քայլ» է անվանել
Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունում մասնակի մոբիլիզացիա հայտարարելը «վատ և սխալ քայլ է», որը, նրա կարծիքով, կհանգեցնի Ուկրաինայում հակամարտության սրմանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք դա կգնահատենք քաղաքականության տեսանկյունից և կքննարկենք, թե ինչպես արձագանքել դրան»,- ասել է Հաբեկը Բեռլինում։ Նա ընդգծել է, որ Գերմանիան «այս դժվարին պահին» կշարունակի աջակցել Ուկրաինային։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել:
«Ռուսաստանը, նրա ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պաշտպանելու համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի մոբիլիզացիա անցկացնելու առաջարկին: Զորակոչի կենթարկվեն միայն ռեզերվում գտնվող քաղաքացիները, նրանք լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով հատուկ գործողության փորձը: Այսօրվանից կմեկնարկեն զորահավաքային աշխատանքները», - ասել է ՌԴ նախագահը:
Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողությանը մասնակցող մոբիլիզացված անձինք կստանան վարձատրություն և պայմանագրով ծառայող զինվորականի կարգավիճակ:
«Արևմուտքը հատել է բոլոր սահմանները, անպատասխանատու քաղաքական գործիչները խոսում են Ուկրաինային հարձակողական զենքի մատակարարման, Ռուսաստանի դեմ ռազմական հարվածների մասին: Արևմտյան երկրները Կիևին մղում են ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածք տեղափոխելու համար», - ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ ՌԴ-ն փետրվարի 24-ից հատուկ ռազմական գործողություն է անցկացնում Ուկրաինայում: