Կոմունիկացիաների բացման հարցում մեր տեսակետները դեռ վերջնականորեն չեն համընկել. Փաշինյան
Իմ միանշանակ համոզմունքն է, որ կոմունիկացիաների բացումը ՀՀ տարածքով եւ ՀՀ-ի համար միանշանակ մեզ ձեռնտու է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հասկանում է, որ այստեղ կան վախեր ու մտավախություններ:
«Նրանք, որոնք տնտեսական գործունեությամբ են զբաղվում, կարող են ասել, թե երկաթուղիների ու ճանապարհների առկայությունն ինչքան շատ բան է փոխում: Մենք հետազոտություն ենք արել եւ պարզել, որ սննդամթերքի գները Հայաստանում ավելի բարձր են, քան շատ երկրներում: Եվ գալիս հանգում ենք տրանսպորտի խնդրին»,-ասաց նա:
«Եթե կոմունիկացիաների բացումը մեզ ձեռնտու է, մենք չենք կարող այնպիսի լուծումների գնալ, որը միայն մեզ է ձեռնտու, մնացած բոլորին ձեռնտու չէ: Ինչպես օրինակ Իրանից, Վրաստանից Հայաստան կարող են մուտք գործել եւ ելք անել տրանսպորտային միջոցներ, մենք դեմ չենք, կողմ ենք, որ նույնը տեղի ունենա նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Այս հարցի շուրջ դեռեւս չի հաջողվել վերջնական համաձայնության գալ: Դա կապված է որոշ իրավական կարգավորումների հետ, որտեղ մեր տեսակետները դեռ վերջնականորեն չեն համընկել: Այս հարցում համաձայնության գալուց հետո մենք շատ արագ եւ երթուղիների հարցը կլուծենք, եւ գործնական ճանապարհների բացման հարցը կլուծենք»,-ասաց վարչապետը: հավելելով, որ այս հարցերում ինքն ակնկալում է ողջ հայության աջակցությունը: