Էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման կարգում կատարվել են փոփոխություններ. ԱՀ ՏԿԵՆ
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N851-Ն որոշմամբ բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման կարգում՝ հավասար պայմաններ ապահովելու նպատակով, կատարվել են փոփոխություններ, մասնավորապես.
-սույն թվականի օգոստոսի 1-ից բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումն կիրականացվի էլեկտրաէներգիայի գործող սակագների և 25 ՀՀ դրամի տարբերության չափով, բայց մեկ բնակիչ բաժանորդի համար ոչ ավելի, քան տարեկան 3250 կՎտԺ, ընդ որում.
-մայիս, հունիս, հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար՝ մինչև 150 կՎտԺ ներառյալ,
-ապրիլ և հոկտեմբեր ամիսների համար՝ մինչև 250 կՎտԺ ներառյալ,
-նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար և մարտ ամիսների համար՝ մինչև 400 կՎտԺ ներառյալ:
Հիմք ընդունելով չգազաֆիկացված բնակավայրերում բնակվող բնակիչ բաժանորդների համար գործող արևային ջրատաքացուցիչների ձեռքբերման և տեղադրման աջակցության ծրագիրը, սույն որոշումն սահմանված է Արցախի Հանրապետության բոլոր համայնքների համար: