Բայդենը զրուցել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմիի հետ՝ ԱՄՆ-ի եւ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի, ինչպես նաեւ Եգիպտոսի, Իրաքի եւ Հորդանանի գագաթաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպման ժամանակ
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենն այսօր Ջիդայում զրուցել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմիի հետ՝ ԱՄՆ-ի եւ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի, ինչպես նաեւ Եգիպտոսի, Իրաքի եւ Հորդանանի գագաթաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպման ժամանակ, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում երկու ղեկավարները հաստատել են իրենց համատեղ հավատարմությունը Ռազմավարական շրջանակային համաձայնագրի շրջանակներում Իրաքի եւ ԱՄՆ-ի միջեւ ամուր երկկողմ գործընկերությանը եւ իրենց վճռականությունն են հայտնել անվտանգության ջանքերը համակարգելու հարցում՝ «ապահովելու այն, որ ԴԱԻՇ-ը երբեք չկարողանա վերածնվել»:
ԱՄՆ նախագահը եւ Իրաքի վարչապետը խորհրդակցություններ են անցկացրել նաեւ մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ։
«Առաջնորդները համաձայնել են, որ ԱՄՆ-Իրաք հարաբերությունները հիմնված են Իրաքի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անվտանգության եւ կայունության նկատմամբ ընդհանուր հետաքրքրվածության վրա եւ հանձնառու են ամրապնդել երկկողմ գործընկերությունը՝ ի շահ երկու երկրների:
Նրանք նաեւ հաստատել են Իրաքի նոր կառավարության ձեւավորման կարեւորությունը, որը կհամապատասխանի իրաքցի ժողովրդի կամքին, եւ հարգանքը Իրաքի ժողովրդավարության եւ անկախության նկատմամբ: Նախագահ Բայդենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները մեծ նշանակություն է տալիս կայուն, միասնական, ինքնիշխան եւ բարգավաճ Իրաքին, այդ թվում՝ Իրաքյան Քրդստանին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ նախագահը նաեւ ողջունել է Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ Բաղդադում բանակցություններ վարելու Իրաքի վարչապետի նախաձեռնությունը։
«Նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ հանուն ավելի ապահով եւ կայուն տարածաշրջանի նրա հեռատես դիվանագիտության համար։ Նա նաեւ բարձր է գնահատել Բաղդադի գագաթաժողովը եւ Իրաքի, Հորդանանի ու Եգիպտոսի հազվագյուտի հարաբերությունները, որոնց ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել»,- նշվում է հաղորդագրության մեջ: