Գերմանացի օրենսդիրները վավերացրել են ՆԱՏՕ-ին անդամակցության Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայցերը
Գերմանացի օրենսդիրները վավերացրել են ՆԱՏՕ-ին անդամակցության Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայցերը։
Դաշինքի 30 անդամների խորհրդարանները պետք է վավերացնեն միանալու մասին արձանագրությունը, որպեսզի դրան կարողանան միանալ նոր անդամներ, տեղեկացրել է DW-ն։
Բունդեսթագը վերջին օրենսդիր մարմինն է, որը հաստատել է այդ գործընթացը Կանադայից, Էստոնիայից, Դանիայից եւ Նորվեգիայից հետո։
Այդ որոշմանն աջակցել են քաղաքական բոլոր կուսակցությունները, կառավարող կոալիցիան, պահպանողական ՔԴՄ-ն եւ ուլտրաաջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը։ Միայն ձախ Die Linke կուսակցությունն է դեմ եղել օրենքին։
«Այսօր մենք ամրապնդում ենք ՆԱՏՕ-ի դեմոկրատական արժեքները»,- ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Թոբիաս Լինդները քվեարկությունից առաջ ընթացած խորհրդարանական բանակռիվներում։
ՆԱՏՕ-ն պաշտոնապես հրավիրել է սկանդինավյան երկու երկրին միանալ դաշինքին, բայց, քանի որ վավերացման համար պահանջվում է բոլոր 30 անդամների միաձայն հավանությունը, Թուրքիայի դիրքորոշումը դեռեւս անորոշ է մնում։
Անկարան սպառնացել է արգելակել միանալու գործընթացը եւ մինչ այժմ ձգձգել է վավերացումը։
Թուրքիան Ֆինլանդիային եւ Շվեդիային մեղադրել է «ահաբեկչական կազմակերպություններին», այդ թվում Քրդստանի Աշխատավորական կուսակցությանը, Սիրիայի հյուսիսում գործող քրդական YPG ջոկատներին եւ Գյուլենի շարժմանն աջակցելու մեջ։
Թուրքիան, Ֆինլանդիան եւ Շվեդիան հասել են համաձայնության, ինչը, Թուրքիայի խոսքով, նշանակում է, որ Անկարան կաջակցի նրանց անդամակցության հայցերին, եթե նրանք արտահանձնեն տասնյակ մարդկանց, որոնց Անկարան համարում է «ահաբեկիչներ»։ Բայց Անկարան նախկինի պես կարգելակի միանալու գործընթացը, եթե երկրները չկատարեն համաձայնագիրը։