Երևանի խմելու ջուրը. մարդիկ ահազանգում են, որ ջրի նստվածքը կարմրավուն է, բայց որակական խախտումներ չեն հայտնաբերվում
«Հետքը» ընթերցողներից ստացել է 22 ահազանգ Երևանի խմելու ջրի որակից. ջուրը վատ համ ունի, կոշտ է, պղտոր է: Ահազանգերի մեծ մասը վերաբերում է Էրեբունի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններին։
Վերջին 2 տարում վերահսկող մարմինը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) Երևանի ջրի որակի վերաբերյալ ստացել է ընդամենը 10 ահազանգ քաղաքացիներից, վարչական վարույթ հարուցել, որից միայն 1-ի դեպքում է խախտում արձանագրել՝ Մալաթիա-Սեբաստիայում, 4-ը դեռ ընթացքի մեջ է։
2020թ.ին ԱԱՏՄ-ն 14 կարգադրագիր տրվել է տարբեր վարչական շրջաններում օրական կարգավորող ջրավազանի (ՕԿՋ) վերանորոգման և թերությունների շտկման համար։
Նարինե Մարգարյանն Էրեբունի վարչական շրջանում է ապրում։ Ասում է՝ 15 օր է՝ ջրից տհաճ համ է գալիս, ինչը սրտախառնոց է առաջացնում։
«Անտանելի է ջրի որակը։ Մի քանի օր առաջ ժանգի գույն կար, հետո՝ պղտորված, հիմա թափանցիկ է, բայց համը այն չէ»,-պատմում է Նարինեն։
Նա ցանկացել է ահազանգել այդ մասին, սակայն ԱԱՏՄ կայքում բողոքների համար նշված հեռախոսահամարը չի պատասխանել։
«Ջրի նստվածքից բանկայի մեջ կամրել է... ծորակն էլ է էս վիճակը»։
«Էրեբունու ջուրը խայտառակություն է, անհնար է խմել, երբեմնի սառը, համեղ ջուրը դարձել է եսիմ ինչ...»,- Ան Խաչատրյան:
«էրեբունիում անտանելի է ջուրը, ինձ թվումա դաժե վտանգավոր, որը նոր է վատացել»,-Կարեն Առաքելյան:
«Էրեբունի համայնքում ահավոր է, խմել չի լինում»,- Աննա Սաֆարյան։
«Անտանելի վատ համ ունի արդեն մոտ մեկ ամիս կլինի»,- Կարինե Ասլանյան:
Խմելու ջրի որակի վերահսկումն իրականացնում է Առողջապահության նախարարության՝ «Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնը»՝ մշտադիտարկման ձևաչափով, և շեղումների մասին հայտնում է Տեսչական մարմնին (ԱԱՏՄ)։
«Մեր տան ջուրը անտանելի կոշտ ա։ Ամեն ինչ անտանելի աղակալում ա՝ սպասքը, սալիկները, լվացարանները»,- Աննա Այդինյան, Արաբկիր վարչական շրջան։
«Մերն էլ է այդպիսին, ծորակներն աղակալում են»,- Աննա Հարությունյան, Դավթաշեն վարչական շրջան։
Տեսչական մարմինը վերահսկողությունն իրականացնում է Առողջապահության նախարարի՝ 2002թ․ դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված՝ «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» և 2002թ․ նոյեմբերի 11-ի N 803 հրամանով հաստատված՝ «Խմելու տնտեսական նշանակության ջրմուղների և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիներ» սանիտարական կանոններով և նորմերով։
Առավել մանրամասն՝ Հետք