«Նիկոլ Փաշինյանը իր «ուսապարկերի» վրա վստահ չէ». Հրանտ Ավետիսյան
Մեր պատգամավորները մանդատներից զրկվելու խնդիր չունեն, մտածելու ոչինչ չունեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Դիմադրության» շարժման անդամ Հրանտ Ավետիսյանը:
«Մեր պատգամավորները մանդատներից զրկվելու խնդիր չունեն, մտածելու ոչինչ չունեն։ Իսկ այս շենքում գտնվող «ուսապարկերը», եթե կանգնեն ու հայտարարեն, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, որ չեն շարունակելու Արցախի և Հայաստանի հողերի հանձնումը, իրենց այդ հայտարարությունից րոպեներ հետո, մեր պատգամավորները վայր կդնեն իրենց մանդատները»,-ասաց Ավետիսյանը:
Ավետիսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը իր «ուսապարկերի» վրա վստահ չէ:
«Ընդդիմադիր պատգամավորները կառչած չեն մնալու պատգամավորական աթոռներից: Իսկ այս իշխանությունները հերիք չի պայմանագիր են ստորագրել, տարել մեր երեխաների գլուխը կերել են, հիմա էլ կպել են էս պաշտոններից ու պոկ չեն գալիս: Մենք կռիվ ենք տալիս ոչ թե պատգամավորական աթոռներին մնալու, այլ ցանկանում ենք ունենալ այնպիսի իշխանությւոն, որը կապահովի Հայաստանի և Արցախի անվտանգությունը»,-ասաց Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է գումարել, օրակարգում են Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ և Վահե Հակոբյանին՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին հարցերը: