Ինչո՞ւ Հայաստանը ՄԽ համանախագահներին չի հրավիրում Երևան. Սուրեն Սարգսյան
Մինսկի խմբի «մահանալու» մեղքը Ֆրանսիան ու ԱՄՆ-ն մի կողմից և Ռուսաստանը մյուս կողմից բարդում են միմյանց վրա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի շարունակության վերաբերյալ ամերիկյան կողմի հայտարարությանը:
Նա նաեւ նշել է. «Հայաստանն էլ, ի տարբերություն Ադրբեջանի պնդում է, որ ՄԽ-ն մեզ պետք է:
Հիմա հարց: Ինչո՞ւ Հայաստանը ՄԽ համանախագահներին չի հրավիրում Երևան: Ի դեպ, դա կլինի Արևմուտք-ՌԴ շփման միակ խողովակը: Թող գան տարածաշրջան, թող Ալիևն էլ չընդունի: Լիքը բան պարզ կդառնա բոլորին»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օրերս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել էր, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»:
Սերգեյ Լավրովի խոսքով, 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում նոր գործընթացներ են սկսվել՝ հակամարտության հետևանքները վերացնելու ուղղությամբ, և այդ գործընթացների հիմքում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարություններն են։
Իսկ ահա Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդը, մինչդեռ, վերջերս «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ընդգծել էր՝ չնայած Ուկրաինայի շուրջ խորը տարաձայնություններին, Ամերիկան պատրաստ է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ Մինսկի խմբում՝ հանուն ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման։
Իսկ արդեն այսօր ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն Թվիթերում տեղեկացրել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի Միացյալ Նահանգների համանախագահն այսօր զրուցել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան: Ցավալի է, որ ռուսաստանցի համանախագահը չընդունեց հրավերը: Ակնկալում ենք, որ Մինսկի խումբը կշարունակի աշխատանքը»: