Մեխանիզմ է աշխատում, որ հիասթափեցնեն. Նիկոլն էլ եթե ուզում է, թող Աննային հանձնի. Աղավնոյի գյուղապետ
«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այցելությունը Մոսկվա չգիտեմ, մեզ ոչ մի բան չեն զեկուցել, երևի ժողովրդի վերլուծություններն են։ Այսինքն՝ մենք պետք է ունենանք հստակ ինֆորմացիա դրա վերաբերյալ՝ փաստաթղթերի հետ կապված՝ հանձնման-չհանձնման։ Կարծես մեխանիզմ է աշխատում՝ հատուկ միմիայն այդպիսի հիասթափեցնող լուրեր տարածելու համար»,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը՝ պատասխանելով համացանցում տարածված այն լուրերին, թե ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այս օրերին Մոսկվայում է՝ քննարկելու Աղավնո գյուղի ճակատագիրը։
Չավուշյանի խոսքով՝ եթե իրոք բան կա, թող ազնիվ լինեն ու տեղեկացնեն թե՛ Արայիկ Հարությունյանը, թե՛ իշխանությունները. «Ո՞վ պետքա մեզ ասի, որ «բազառներ» պետք է լինի, ու կհանձնվի Աղավնոն։ Աղավնոյի բնակչության հետ չեն քննարկել ոչ մի բան։ Ես նման բան չեմ լսել։ Հնարավոր է՝ գրված է ոչ պաշտոնական կայքերում, ժողովրդի լեզվով ասած՝ պատի տակի խոսակցություն է, որը չեմ ուզում հիմք ընդունել»։
Չավուշյանն ասաց, որ ՀՀ իշխանություններին պետք է ուղղել այն հարցը, թե ինչ է լինելու Աղավնոյի ճակատագիրը․ «Նիկոլը բարձր ամբիոնից հելնի, ասի, հերքի, կամ ասի՝ չէ՛, նման բան չկա։ Ու եթե Նիկոլ Փաշինյանի խոսքը հիմք ընդունեմ, իր ասածով, որ Տեղ գյուղից էն կողմ Ադրբեջանն է։ Լավ, եթե դու համարում ես հայկական հողը պատմական Ադրբեջան և այլն, ապա դու ի՞նչ գործ ունես այստեղի ժողովրդի ճակատագրի հետ։
Այսինքն՝ ոչ մեկը քեզ մանդատ չի տվել, որ իմ տան վրայով որոշում կայացնես, հանձնես կամ չհանձնես։ Դու կարաս քո սեփականը նվիրես Ալիևին կամ ինչ-որ մեկին։ Եթե Աննան իր սեփականությունն ա, կարող է նվիրի, նստեն չայ խմեն, ինքը չի կարող իմ տան վրայով որոշում կայացնի։ Տասնամյա ազատագրված հերոսների արյունով այս հողը ո՛չ ներկա, ո՛չ գալիք իշխանությունը, առանց ժողովրդի հետ որոշում կայացնելու, չի կարող որևէ բան անել, մանավանդ որ համահայկական հող է Արցախը, այնպես չի, որ ինչ-որ մեկը պետք է գա, որոշում կայացնի՝ լինի դա իշխանություն, թե ինչ, մանավանդ ՝ առանց քննարկման։ Այդ հոգեբանությունը պետք է դուրս գա մեր մեջից»։