«Տեսնում եմ ակնհայտ շտապողականություն». Օրբելյանը՝ Վարդազարյանի նկատմամբ վարույթ հարուցելու մասին
Ակնհայտ է, որ որոշումը որեւէ աղերս չունի իրավաբանության հետ, սակայն կրկնում եմ՝ կեցցե Սահմանադրական դատարանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելուն։
Ըստ նրա՝ ԲԴԽ անդամին եւ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքում մինչեւ դատական նիստը՝ տասը օր առաջ, նյութերը պետք է տրամադրվեն ԲԴԽ անդամներին։
«Ամրագրենք, որ խոսքը տասը օրվա մասին է։ Նիստը նշանակվել է մինչեւ ամսի 14-ը, այսինքն՝ ժամկետը լրանալը։ Այսինքն, տեսնում եմ ակնհայտ շտապողականություն, որի պատճառը չենք կարողանում հասկանալ։ Ինչո՞վ է դա պայմանավորված այն դեպքում, երբ պարոն Վարդազարյանի լիազորությունները կասեցված են, եւ ավելի շուտ կամ ուշ որոշում ընդունելու խնդիր չկա։ Շտապելու խնդիր չկա նաեւ այն պատճառով, որ օրենքը նախատեսում է երեքամսյա ժամկետ»,- նշեց Վարդազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը։
Հիշեցնենք՝ ԲԴԽ երեք գիտնական անդամների՝ Գրիգոր Բեքմեզյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Դավիթ Խաչատուրյանի դիմումի հիման վրա կարգապահական վարույթ է հարուցվել Ռուբեն Վարդազարյանի դեմ` լրատվամիջոցներից մեկին տված մի հարցազրույցի հիման վրա։
Արամ Օրբելյանը նշեց, որ վաղը սահմանադրական դատարանի նիստերի օրակարգում ներառված է ՄԻՊ դիմումի հիման վրա դատական օրենսգրքի մի շարք հոդվածների սահմանադրականության հարցի որոշումը. «Խոսքն այն փոփոխությունների մասին է, որոնցով կարգապահական պատասխանատվության ենթարկելու նվազագույն շեմը 7(6) ձայնից իջեցվեց։ ԲԴԽ-ի՝ միակ տրամաբանական որոշումը կլիներ սպասել հունիսի 21-ին։ Եթե ամսի 21-ին ԲԴԽ-ն գտնվի խորհրդակցական սենյակում, կառաջանա կազուս։ Հակառակ պարագայում ԲԴԽ-ում բեկանման հիմքեր են առաջանալու։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը, ինչպես մարդու իրավունքների միջազգային կոնվենցիան եւ սահմանադրությունն են փաստում, պետք է ունենա բացառապես մեկ նպատակ՝ բարելավել դատական համակարգի գործունեությունը։ Այլ նպատակներ, օրինակ՝ քաղաքական պատճառներ, այլ մարդու նշանակել, չեն կարող լինել, այլապես ապօրինության հետ գործ կունենանք»։