Նիգավանում 6 վիրավորի պայմանում քրգործն ի՞նչու եք հարուցել հասարակ սպանության հոդվածով. Փաստաբանը՝ ոստիկանությանը
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն անդրադարձել է Նիգավանում տեղի ունեցած միջադեպին ու հարուցված քրեական գործին։
Նա Facebook-ի իր էջում գրել է. «Ոստիկանությունը Արագածոտնի սպանության դեպքով հայտարարություն է տարածել, որ այն կատարվել է կենցաղային շարժառիթով և գործադրվել է որսորդական հրացան։
Ընդամենն ասեմ, որ քրեական գործը հարուցվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ինչը նշանակում է, որ գործադրված հրազենը ոչ թե որսորդական է, այլ ապօրինի՝ մարտական։
Դե, շարժառիթի մասին տեղեկատվության իսկությունն էլ թողնում եմ յուրաքանչյուրի դատողությանը…։ Այս համատեքստում մի հարց էլ ունեմ՝ 6 վիրավորների առկայության պայմաններում քրեական գործն ի՞նչու եք հարուցել ընդամենը հասարակ սպանության համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածով»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ ոստիկանության հաղորդագրության, հունիսի 19-ին' ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով' գործադրվել է որսորդական հրացան: Տուժած վեց տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ: Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին' պատճառը կենցաղային է»:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ևս մեկը մահացել է:
politik.am կայքի տեղեկություններով Արագածոտնի մարզում ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետեւանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա, այս պահին կա մեկ զոհ և մի քանի վիրավորներ տարբեր բարդության։ Դեպքը տեղի է ունեցել Ապարանի Նիգավան միջնահատվածում։
Ապարանում սպանված Հմայակ Միքայելյանը 27 տարեկան էր
Վիրավորներից մեկը ԱԱԾ աշխատակից է. Արթուր Վանեցյանը՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպի մասին