Ուրախալի լուր վարորդների համար. Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը ասֆալտապատվում է. Հավանաբար երկու օրից այն կշահագործվի
Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի շինաշխատանքները անձրեւի պատճառով դեռ չեն ավարտվել, ասֆալտապատման աշխատանքներն այսօր են սկսվել, նախատեսվում է, որ ճանապարհը երկու օրից կշահագործվի։
«Նախորդ շաբաթ եղանակը անձրեւային էր, այդ է պատճառը, որ Ծիծեռնակաբերդի խճուղում իրականացվող աշխատանքները ձգձգվեցին։ Բետոնապատման աշխատանքներն ավարտվել են, այսօր այսօրվանից կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները։ Ենթադրվում է, որ երկու օրից աշխատանքները կավարտվեն եւ ճանապարհը եռակողմ կհանձնվի շահագործման»,– այս մասին ասել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Սարդարյանը։
Ճանապարհի վերանորոգման պատասխանատվությունը կրում է «Սահակյանշին» ընկերությունը, որն այդ հատվածի հարեւանությամբ բնակելի շենք է կառուցում։
«Այսօր առավոտից սկսվել են ասֆալտապատման աշխատանքները։ Եթե ամեն ինչ հաջող գնա, այսօր էլ կավարտենք: Մեկ օր անց գծանմուշները կարվեն եւ ճանապարհը կբացվի»,- նշեց ընկերության տնօրեն Սուրեն Սահակյանը:
Հիշեցնենք՝ մայիսի 20-ի վաղ առավոտյան Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարահատվածում տեղի էր ունեցել մասնակի փլուզում։ Ճանապարհը մինչ օրս շարունակում է երկկողմանի փակ մնալ: