Իգոր Խաչատուրովի գործով նիստին ոչ դատավորն է եկել, ոչ դատախազը. Դատավորը կենդանական վախ ունի դահլիճ իջնելու. պաշտպան
Մենք այս պահին գտնվում ենք Քրեական վերաքննիչ դատարանում։ Սա Հայաստանի Հանրապետության դատարկ դատարանն է: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց փաստաբան Միհրան Պողոսյանը՝ ցույց տալով դատարանի դատարակ դահլիճը։
«Գիտեք, որ քննության է առնվում Իգոր Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու որոշման հիմնավորվածության ու օրինականության ստուգումը։ Ըստ օրենքի, դատարանը պետք է այն ստուգի ընտրված խափանման միջոցի օրինականությունն ու հիմնավորվածությունը հաստատող նյութերը ստանալու օրվանից երեք օրվա ընթացքում։
Այսօր այդ վերջին օրն է, որ դատավորը կարող է ստուգել որոշման հիմնավորվածությունը։ Մեկօրյա ժամկետ էլ դատարանն ավելացրել է՝ հիմնավորելով, որ գործի նյութերն ուշ է ստացել։ Ամսի 7-ից սկսած մենք ամեն օր հարցնում ենք նիստի օրն ու ժամը, դատավորը սույն գործով հասարակությանը լայն հայտնի Տիգրան Սիմոնյանն է, որն արդեն երեք-չորս օր կապի դուրս չի եկել պաշտպանական կողմի հետ»,-ասաց Միհրան Պողոսյանը։
Նրա խոսքով, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանն անձամբ երեկ Պողոսյանին տեղեկացրել է՝ նիստը նշանակված է այսօր ժամը 10։00-ին։
«Ես դա ընդունել եմ պատշաճ ծանուցում, ներկայացել եմ դատական նիստի։ Շուրջ 30 րոպե սպասելուց հետո դատարանում ունենք այս պատկերը, չկա դատավորը, որը խուսափում է արդարադատություն իրականացնել, նաև կենդանական վախ ունի նիստերի դահլիճ իջնելուց։ Այս դատական պատկերը թող ցույց տա, թե Տիգրան Սիմոնյան դատավորով ինչ դատարկ դատական համակարգ ունենք»,-ասաց Միհրան Պողոսյանը։
Նրա խոսքով, դատախազը հայտնել է, թե չի կարող ներկայանալ դատական նիստին, այդ պատճառով դատական նիստը հետաձգվում է. «Բայց պետք է նշեմ, որ այս գործերով դատախազի ներկայությունը պարտադիր չէ։ Տեսնում եք, որ Իգոր Խաչատուրովն էլ ներկա չէ, նրա ներկայությունն էլ պարտադիր չէ։ Դատախազի ներկա լինել-չլինելու վերաբերյալ դիրքորոշում հայտնելու իրավունք ունեմ նաև ես։ Սակայն դատավոր Տիգրան Սիմոնյանը, վախի զգացումից ելնելով, չգիտեմ ինչ եմ արել, ինձ հետ չի կապվում, որ հայտնի նիստը հետաձգվելու մասին։ Ու այս վախկոտ դատավորն անգամ գործի նյութերը չի իջեցնում, որպեսզի հասկանամ, թե ինչ են դրել գործի նյութերի մեջ»,-ասաց նա։
Փաստաբանը հիշեցրեց, որ ընդհանուր իրավասության դատարանում մեկ այլ հայտնի դատավոր Արուսիկ Ալեքսանյանն այս գործը քննել էր առանց իր ներկայությամբ։