Փոփոխվել է մարզիչների վարձատրության կարգը
ՀՀ կառավարության՝ այսօր կայացած նիստում հավանության է արժանացել հավաքականի թիմերի մարզիչների վարձատրության կարգում փոփոխություն կատարելու նախագիծը:
Նախագիծը մշակել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ պայմանավորված մարզիչների վարձատրման իրավահարաբերությունների կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությամբ:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ նոր իրավակարգավորմամբ վարձատրություն կստանան Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի այն գլխավոր և ավագ մարզիչները, որոնք ՀՀ հավաքականների ուսումնամարզական գործընթացն իրականացնում են ուսումնամարզական հավաքների միջոցով: Նախկին կարգավորմամբ պարտադիր էր ուսումնամարզական հավաքներից դուրս ուսումնամարզական գործընթացն իրականացնել նաև կենտրոնացված մարզումների միջոցով:
ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանի խոսքերով՝ կենտրոնացված մարզումներ անցկացնելու հնարավորություն այսօր ոչ բոլոր մարզաձևերի ներկայացուցիչներն ունեն՝ պայմանավորված մարզումային պայմաններով:
Հստակեցվել է նաև մարզիչների վարձատրության կարգը. նախագծով նախատեսվում է վարձատրություն հատկացնել այն մարզիչներին, որոնց հավաքական թիմերի անդամները մեդալներ են նվաճում օլիմպիական խաղերում կամ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ):
Ինչպես հայտնի է, վարձատրություն ստացող մարզիչների անվանացանկը հաստատվում է՝ հիմք ընդունելով նախորդ տարվա արդյունքները: Այսինքն՝ սույն որոշմամբ մարզիչը վարձատրվում է միայն բարձր արդյունք ցուցաբերած լինելու պարագայում, սակայն, իրականում, օլիմպիական խաղերի՝ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մասնակից մարզիկներից ոչ բոլորն են ՕԽ-ի վարկանիշ նվաճել. նրանց մի մասը ՄՕԿ-ի կամ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի կողմից օլիմպիական խաղերին մասնակցելու թույլտվությունը ստացել է՝ Հայաստանում մարզաձևի զարգացմանը նպաստելու համար: Այսինքն՝ այդ դեպքում օլիմպիական խաղերին մասնակցությունը չի վկայում բարձր արդյունքի մասին:
Նոր իրավակարգավորմամբ առաջարկվում է այդ հանգամանքը ևս հստակեցնել և վարձատրություն հատկացնել այն մարզիչներին, որոնց հավաքական թիմերի անդամները մեդալներ են նվաճում օլիմպիական խաղերում կամ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ):