Կրիտիկական իրավիճակ Մամուլի տանը. «թուրքական» վերելակը չի աշխատում, իսկ Սպիտակում արտադրվածը հնացել է
Երևանում Մամուլի տան տասնհինգ հարկանի շենքը գրեթե առանց վերելակների է մնացել:
Շենքում երկու վերելակ կա. մեկը մոտ տասը օր է՝ բոլորովին չի աշխատում, մյուսն «արդեն փչում է իր վերջին շունչը», եւ ամեն անգամ մարդիկ կարող են ժամերով փակված մնալ խցում:
Առաջին վերելակը թուրքական է, եւ, ինչպես կատակում են շենքում տեղակայված խմբագրությունների աշխատակիցները, քանի որ թուրքական արտադրության է՝ «թուրքահպատակ», ապա տեղադրման օրվանից հայերին ծառայել չի ցանկանում։ Երկրորդը, որն արտադրվել է Սպիտակում, նշել է իր «ծննդյան» 41-ամյակը եւ արդեն հնացել է։
Դժվար չէ կռահել, որ այս իրավիճակը ոչ միայն փչացնում է շենքում տեղակայված խմբագրությունների ու գրասենյակների աշխատակիցների եւ այցելուների տրամադրությունը, այլեւ ուղղակիորեն ազդում է աշխատանքի վրա։ Հատկապես՝ հաշվի առնելով, որ շենքում հաճախ ջրամատակարարման ընդհատումներ են լինում:
Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Մամուլի տանը լուրջ հրդեհ էր տեղի ունեցել: Ինչպես պարզվել էր փորձաքննությամբ, հրդեհը տարածվել էր վերելակի հորանի միջով։