«Գազպրոմ Արմենիայի» անունից ներդրումային ծառայություններ առաջարկող կազմակերպությունը չի գտնվում ԿԲ վերահսկողության տակ
Արժեթղթերի շուկայում մասնագիտացված մասնակցի կեղծված լիցենզիայի հիման վրա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ անունից հանդես եկող որոշ անձինք հրապարակային առաջարկի միջոցով փորձում են ՀՀ-ում հաճախորդներ ներգրավել՝ առաջարկելով ներդրումային ծառայություններ:
NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ կենտրոնական բանկից՝ հաշվի առնելով, որ նշված կազմակերպությունը չլիցենզավորված գործունեություն է իրականացնում եւ չի գտնվում Կենտրոնական բանկի վերահսկողության տիրույթում.
«Հորդորում ենք զգոն լինել, չվստահել եւ չարձագանքել նման առաջարկների՝ զերծ մնալով նշված առաջարկի ներքո ցանկացած գործարար հարաբերություն հաստատելուց:
ՀՀ տարածքում ներդրումային ծառայություններից օգտվելու համար կարող եք դիմել Կենտրոնական բանկի կողմից համապատասխան լիցենզիա ստացած ներդրումային ծառայություններ մատուցող կազմակերպություններին, որոնց ցանկին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ»։