Կոլումբիայի նախագահը հինգ օրով տնային կալանքի է ենթարկվել
Կոլումբիայի Իբագե քաղաքի բարձրագույն դատարանը 5-օրյա տնային կալանք է նշանակել երկրի նախագահ Իվան Դուկե Մարկեսին՝ դատարանի վճիռը չկատարելու համար, գրել է El Tiempo-ն։
Դատական ատյանի որոշումը պետության ղեկավարի նկատմամբ կապված է այն բանի հետ, որ չի պահպանվել այն դրույթը, որի համաձայն՝ երկրի իշխանությունները պետք է մշակեին եւ իրականացնեին Նեւադոս Ազգային պարկի պաշտպանության պլանը։
Նշվել է, որ նախագահը եւ գերատեսչական այլ մարմիններ պետք է կատարեին մի շարք գործողություններ, որոնք, ինչպես հավաստիացվել է, նախագահը չի կատարել։
Դատարանը Դուկեին նաեւ պարտավորեցրել է տուգանք վճարել։
Ինքը՝ նախագահը, «ոչ սահմանադրական» եւ «բացահայտ շեղում» է անվանել Իբագեի բարձրագույն դատարանի վճիռը իրեն տնային կալանքի ենթարկելու մասին։
Նա ասել է, որ իր պաշտոնյաների հետ միասին ինքն «աշխատում է Նեւադոս պարկի պաշտպանության ուղղությամբ», եւ որ կան հաշվետվություններ դրա վերաբերյալ։
Կոլումբիայի նախագահն ավելացրել է, որ դատարանի որոշումը վերջնական չէ, եւ որ «դա բացահայտ շեղում է, եւ մենք հույս ունենք, ու Դատական կարգապահական խորհուրդը կգործի, եւ որ դատախազությունը նույն կերպ կվարվի»։