Գնաճը հասել է 7,7 տոկոսի՝ ավելի խորացնելով սոցիալական ճգնաժամը
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալով՝ 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին գրանցվել է 7,7 տոկոսանոց գնաճ։ 2022 թվականի մայիսին 2021-ի մայիսի համեմատ գնաճը կազմել է 9 տոկոս․ վերջին անգամ նման գնաճ արձանագրվել էր նախորդ դարի 90-ականներին։
Շարունակում է երկնիշ գնաճ գրանցել սննդամթերքը, որից տուժում են հատկապես սոցիալապես խոցելի խմբերը՝ թոշակառուները, նպաստառուները, բազմազավակ ընտանիքները և այլն։ Միայն մայիսին հացաբուլկեղենը և ձավարեղենը թանկացել են 15,6 տոկոսով։ Այն դեպքում, երբ մարդկանց թոշակները և նպաստները մնացել են նույնը։ Միաժամանակ 2022 թվականի մայիսին 2021 թվականի մայիսի համեմատ գրանցվել էալյուրի՝ 13.5 տոկոս, բրնձի՝ 15.8 տոկոս, լոբու 5.1 տոկոս գնաճ։
Ի հեճուկս մրցակցության հանձնաժողովի հավաստիացումների՝ շաքարավազի շուկան աչքի է ընկնում իր մենաշնորհացմամբ, մասնավորապես՝ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022 թվականի մայիսին 2021 թվականի մայիսի համեմատ արձանագրվել է 8.6 տոկոս գնաճ։
Տնտեսական պատժամիջոցների պատերազմը մեծ ցնցումներ է առաջացրել պարենի շուկայում, ինչի հետևանքում կտրուկ բարձրացել են Հայաստան ներկրվող մի շարք սննդամթերքների գները, մասնավորապես՝ հնդկացորենի, ոսպի և ոլոռի գները 2022 թվականի մայիսին 2021 թվականի մայիսի համեմատ աճել են 41.7, 34.5, 11.9 տոկոսով, իսկ 2022 թվականի ապրիլի համեմատ՝ 0.8, 1.6 և 1.3 տոկոսով: Հատկանշական է, որ ներկրվող ապրանքների գներն աճել են դրամի մոտ 15 տոկոսով արժևորման պայմաններում։ Այսինքն՝ կենտրոնական բանկը, մեծ վնաս հասցնելով տնտեսությանը, չի կարողանում կառավարել գնաճը։
Անշուշտ, Հայաստանի շուկայում գնաճը չի կարող բացատրվել միայն արտաքին գործոններով, քանի որ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի 5,4 տոկոսանոց անկումն էլ ավելի է խորացրել գնաճի տեմպը, այդ թվում՝ անասնապահության ոլորտի 3,1 տոկոսանոց անկումը հանգեցրել է մսի և կաթնամթերքի գների կտրուկ աճի, օրինակ՝ 2022թ թվականի մայիսին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում գառան, տավարի և խոզի մսերի գներն աճել են 4.8, 12.2 և 10 տոկոսով, հացինը՝ 14.1 տոկոսով, կաթնաշոռինը՝ 19.2 տոկոսով, պանրինը՝ 22.9 տոկոսով։
Միևնույն ժամանակ Հայաստանի բուսաբուծության 24,4 տոկոսով անկումը և պարարտանյութերի թանկացումը հանգեցրել է բարձր գնաճի։ Մասնավորապես՝ բանջարեղենի և մրգի ապրանքախմբերում 2022 թվականի մայիսին 2021 թվականի մայիսի համեմատ արձանագրվել է 51.3 և 0.4 տոկոսով գնաճ։ Այդ թվում՝ կաղամբի գինը աճել է 133,7 տոկոսով, կանաչ սոխինը՝ 69,1 տոկոսով, կանաչեղենինը՝ 49,4 տոկոսով, լոլիկինը՝ 24,7 տոկոսով, վարունգինը՝ 102,2 տոկոսով, սմբուկինը՝ 24,7 տոկոսով, սխտորինը՝ 41,7 տոկոսով, կարտոֆիլինը՝ 101,5 տոկոսով և այլն։
Ամփոփելով՝ պետք է արձանագրել, որ Հայաստանի շուկայում գնաճը պայմանավորված է ոչ միայն ներկրվող ապրանքների թանկացմամբ, այլ նաև գյուղատնտեսության ոլորտի շարունակական անկմամբ։