2021-ին հարկեր-ՀՆԱ հարաբերակցության գծով պատմական ռեկորդ է գրանցվել. Փաշինյան
2021 թ. տնտեսական աճը գերազանցել է կանխատեսումները 5.3 տոկոսով։ Այս մասին մայիսի 31-ին ԱԺ-ում 2021 թ. պետական բյուջեի կատարման նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ի սկզբանե, նրա խոսքով, տնտեսական աճը կանխատեսվում էր 3.1 տոկոսի չափով։ Այնուամենայնիվ, չնայած անցած տարվա բոլոր դժվարություններին, բյուջեի եկամտային մասը գերակատարվել է 147 մլրդ դրամով։
«2021 թ. հարկերի եւ ՀՆԱ-ի հարաբերակցության առումով պատմական ռեկորդ է գրանցվել: Այն կազմել է 22.7 տոկոս։ Մենք մեր առջեւ նպատակ ենք դրել միջնաժամկետ հեռանկարում այդ ցուցանիշը 25 տոկոսի հասցնել։ Հեշտ չի լինելու, հատկապես` հարկերի ցածր դրույքաչափերի ֆոնին, բայց մենք դա կանենք»,- վստահեցրեց վարչապետը։
Նա հավելեց, որ նախորդ տարի որոշակի օրենսդրական փոփոխություններ են կատարվել, որոնք եւս նպաստել են բյուջե լրացուցիչ եկամուտների ապահովմանը։
«Մասնավորապես, պատճառը պղնձի խտանյութի արտահանման վրա պետական տուրքի սահմանումն էր, ինչի հաշվին հնարավոր եղավ 24 մլրդ դրամի լրացուցիչ եկամուտ ապահովել: Դրան զուգահեռ նաեւ եկամտահարկի դրույքաչափի իջեցում էր նախատեսվում, ինչը միասին շատ հետաքրքիր ազդեցություն ունեցավ»,- հայտարարեց Փաշինյանը։
Նշենք, որ չնայած նման ծիածանային հայտարարություններին, երկրի շարքային բնակիչները տնտեսական աճի հետեւանքները չեն զգացել. գնաճը սրվել է, պարենային ապրանքները թանկացել են։