Ես այնքան մոտ եմ սորոսականությանը, որքան Իշխան Սաղաթելյանը` առողջ բանականությանը․ Բադասյան
Ես կարծում եմ, որ այն մարդիկ, որոնք թիրախավորում են մարդկանց՝ ինչ-որ խմբի պատկանելու՝ օրինակ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող քաղհասարակությանը, պիտակավորում են, որպեսզի իրենք ավելի տղամարդ երևան հանրության աչքում՝ շատ բան է տվյալ մարդկանց մասին խոսում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով իր երեկվա հայտարարություններին ընդդիմության հանրահավաքների վերաբերյալ և դրա շուրջ շրջանառվող խոսակցություններին։
«Եթե հարթակում կանգնած մարդիկ կապեր են ունեցել ՀԿ-ների հետ և գրանտներ են ստացել, ապա ես որևէ գրանտ, որևէ ՀԿ-ից չեմ ստացել»,- հայտարարեց Ռուստամ Բադասյանը՝ նշելով՝ «ես այնքանով եմ սորոսական, այնքան մոտ եմ սորոսականությանը, որքան Իշխան Սաղաթելյանը մոտ է առողջ բանականությանը»։
ՊԵԿ նախագահն ասաց, որ ինքը կցանկանար, որ Իշխան Սաղաթելյանն իրականությունը ճիշտ ընկալի. «Եթե գործարարները չեն ցանկանում մասնակցել իրենք հավաքներին և որպես փաստ նշում են, որ ՊԵԿ-ի կողմից ինչ որ գործընթացներ կան, ապա անկեղծ գտնվեն և իրական պատճառը նշեն, որ չեն ցանկանում իրենց հավաքներին մասնակցել»,- պարզաբանեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։