Դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերով հանձնաժողովի հանդիպումը չի կայանում տեխնիկական պատճառներով. ԱԽ քարտուղար
Դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերով հանձնաժողովի հանդիպումը չի կայանում տեխնիկական խնդիրների պատճառով: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում գոյություն ունեցող տեխնիկական հարցերին լուծում կտրվի ու աշխատանքային խումբը կհանդիպի», - նշեց նա:
ԱԽ քարտուղարի խոսքով՝ տեխնիկական հարցերը վերաբերում են այն ընդհանուր օրակարգին, որը ձևավորվել է անցած տարի նոյեմբերին Սոչիում ու Բրյուսելում:
«Ակնկալում ենք, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը պետք է լինի այդ տրամաբանության շրջանակներում ու ակնկալում ենք, որ այդ հայտարարությունների տրամաբանության շրջանակներում լուծում կգտնվի», - հայտարարեց ԱԽ քարտուղարը: