Ապօրինի ձերբակալել են «Հայրենիք» կուսակցության անդամներին և բազմաթիվ քաղաքացիների․ Արսեն Բաբայան
Ոստիկանությունը խախտելով խաղաղ հավաքներ անցկացնելու մարդկանց սահմանադրական իրավունքը, անհամաչափ և բիրտ ուժի կիրառմամբ, Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի հատվածից ապօրինի ձերբակալեց «Հայրենիք» կուսակցության անդամներին և բազմաթիվ քաղաքացիների: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
«Այս պահին ապօրինի ձերբակալված են Կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը, մամուլի քարտուղար Սոս Հակոբյան, կուսակցության բազմաթիվ անդամներ, որոնց մեջ են Դավիթ Բաղդադարյանը, Ազատ Զաքարյանը»:
Նա մեկ այլ գրառման մեջ էլ նշել է. «Մաշտոցի պողոտայում (Փակ շուկա) պատռվեց Պարեկային ծառայության միֆը: Պարզվում է՝ սովորական խուժաններ են, որոնք մարդկանց հետ փողոցայինի նման են վարվում»:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել, փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։