Վրաստանում պատերազմ չի լինի, ընտրությունները կանցկացվեն նախատեսվածի պես. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ուրբաթ լրագրողներին ասել է, որ երկրում երկրորդ ճակատ չի լինի, չեն լինի նաեւ արտահերթ ընտրություններ, եւ նախկին նախագահ Սաակաշվիլիի՝ բուժման համար արտասահման տեղափոխում եւս չի լինի, գրում է «Նովոստի Գրուզիա»-ն։
«Մենք անհրաժեշտ բարձրության վրա ենք: Մենք երկարաժամկետ խաղաղություն ենք երաշխավորում բնակչության համար: Երկրում որեւէ երկրորդ ճակատ, որեւէ պատերազմ չի լինելու: Հակառակը, կլինի զարգացում, շինարարություն եւ խաղաղություն»,- ասել է Ղարիբաշվիլին։
Ընդ որում, նա նշել է, որ երկրում առկա երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի վաստակն է, եւ իշխող կուսակցությունը շարունակում է այդ քաղաքականությունը։
«Բոլորի համար կարեւոր է, որպեսզի երկրում խաղաղություն եւ կայունություն լինի։ Դա ամենահիմնարար բանն է: Առանց դրա երկրում ոչինչ չի լինի…. Մեր երկիրը, մեր ժողովուրդն արդեն երեք անգամ կռվել է Ռուսաստանի դեմ։ 90-ականներից սկսած, հետո՝ քաղաքացիական պատերազմ, մենք հազարավոր դժվարություններ ենք ապրել։ Հետո ավերիչ հետեւանքներ բերած օգոստոսյան պատերազմն ու մեր տարածքների օկուպացումը, որը շարունակվում է մինչ օրս։ Եթե սա լավ չվերլուծենք ու շարունակենք անպատասխանատու հռետորաբանությունն ու անպատասխանատու գործունեությունը, այդ թվում՝ խոսքը ներքին թշնամիների ավերիչ գործունեության մասին է, շատ վատ կլինի։ Սակայն, իհարկե, մեր կառավարությունը դա թույլ չի տա»,- ասել է վարչապետը։
Նա նաեւ չի բացառել Վրաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը։
«Ինձ այլեւս չեն հետաքրքրում ընդդիմության հարցերը կամ ընտրությունների վերաբերյալ անհեթեթ հայտարարությունները։ Բոլոր ընտրություններն ավարտվել են, մենք հաղթել ենք: Հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին»,- ընդգծել է Ղարիբաշվիլին։
Մեկնաբանելով ընդդիմության վերջին հայտարարությունները՝ նա Սաակաշվիլիին արտասահման բուժման համար տեղափոխելու պահանջները ոչ ադեկվատ է անվանել:
«Այս երկրում բոլորը պետք է ենթարկվեն օրենքին։ Նրանք, ովքեր համարձակվեցին եւ իրեն օրենքից վեր դասեցին, ստացան այն, ինչին արժանի էին։ Մնացածն ինձ չի հետաքրքրում։ Նա բանտարկյալ է, եւ թող բարեհաճի մինչեւ վերջ կրել իր պատիժը։ Նրա տեղափոխման համար հիմքեր չկան»,- ասել է կառավարության ղեկավարը։