Ի՞նչ է նշանակում ինքը կարող էր կանգնացնել, բայց չարեց.այդ երեխեքը ավելո՞րդ էին. զոհված զինծառայողի հայր
Այսօր՝ մայիսի 12-ին, Քննչական կոմիտեում հարցաքննության են կանչվել 44-օրյա պատերազմում զոհված 15 զինծառայողների ծնողներ, որոնք ավելի վաղ հաղորդում էին ներկայացրել քննչական կոմիտե իրենց որդիներին ճանաչել տուժող, իսկ իրենց տուժողի իրավահաջորդ:
Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում զոհված զինծառայող Էդգար Զաքարյանի հայր՝ Սևակ Զաքարյանը ասաց. «Մեզ համար հիմք հանդիսացավ Ն.Փաշինյանի՝ ապրիլի 13-ի հայտարարությունը.ի՞նչ է նշանակում ինքը կարող էր կանգնացնել, բայց չարեց.այդ երեխեքը ավելո՞րդ էին: Ինձ հարցաքննության ժամանակ հարցրել են՝ իմ տղեն որտեղ է ծառայել, որ զորամասում, ինչ հանգամանքներում է զոհվել: Ես այս ամենն եմ ներկայացրել և իմ պահանջը՝ Փաշինյանը կարող էր կանգնացրել, բայց չարեց , դե պատասխանատվության ենթարկեք»,- ասաց նա:
Սևակ Զաքարյանը ասաց, որ իր որդին 12 օրվա ծառայող է եղել, և իր որդուն տարել են առաջնագիծ:
«Էդ երեխեն անգամ զենք բռնել չի իմացել, ուր մնաց կրակել: 12 օրվա մեջ ի՞նչ պետք ա սովորած լիներ: Այնպիսի ժամերի էր զանգում, որ հանգիստ լիներ, ասում էր չէ, մեզ մոտ հանգիստա: Ի վերջո մեկը պետք է պատասխան տա, թե չէ: Մեր երեխեքին դավաճանել են»,- եզրափակեց Ս.Զաքարյանը:
Նշենք, որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների միջնորդությունն այսօր ընդունվել է եւ Նիկոլ Փաշինյանն այս գործով հարցաքննվելու է որպես վկա: