Ինչպես հայկական ընդդիմությունը կարող է կտրուկ ավելացնել իր կողմնակիցների թիվը
Ընդդիմությունը պետք է հստակ հայտարարի, թե երեք հնարավոր սցենարներից որն է ընտրել։ Այս մասին մայիսի 11-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Ի՞նչ խնդիր է ուզում լուծել այսօրվա ընդդիմությունը՝ կա՛մ թույլ չտալ իշխանություններին համաձայնագիր ստորագրել (Ադրբեջանի հետ-խմբ.), կա՛մ հասնել իշխանափոխության, որպեսզի ժամանակ ձգի եւ հասկանա, թե ինչի կհանգեցնի Ուկրաինայի հակամարտությունը, կա՛մ ընդդիմությունն ուզում է իշխանության գալ, որպեսզի չզիջի 7 գյուղերը, չճանաչի Արցախը, Վերին Շորժան, Սեւ լիճը որպես ադրբեջանական տարածքներ։
Ընդդիմությունը պետք է հստակ հայտարարի, թե ինչ է անելու, ինչ չի անելու։ Մարդիկ ուզում են հասկանալ հետագա քայլերը, ով է որոշումներ կայացնում հրապարակում։ Ես ընդդիմությանը կոչ եմ անում հրապարակում քաղաքական ելույթներ ունենալ։ Այս ամենը կարող է կտրուկ ավելացնել ընդդիմության համակիրների թիվը, ինչը կօգնի արագ լուծել իշխանության հարցերը»,- ասաց Դանիելյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն ամեն ինչ արեցին, որ պատերազմ սկսվի։
«Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակին, ապա Արեւմուտքը ցանկանում է լուծել Ղարաբաղի հարցն այնպես, որ ռուս խաղաղապահները հեռանան, եւ տարածաշրջանն իրենց ազդեցության գոտու վերածվի։ Ռուսաստանը շահագրգռված է, որ Հարավային Կովկասում զորքեր ունենա։ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման պահանջները նույնն են, բայց կողմերից յուրաքանչյուրը տարբեր խնդիրներ է լուծում»,- եզրափակեց քաղաքագետը։