Ինչ հրաշալի բացահայտումներ ասես, որ մենք չենք անում պատանի հասակում. Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտ
Ինչ հրաշալի բացահայտումներ ասես, որ մենք չենք անում պատանի հասակում: Երեխա ժամանակ մենք հեքիաթներ ենք լսում ու երազում ենք, սակայն մեր մտքերն անկատար են: Իսկ երբ, հասակ առնելով, փորձում ենք վերադարձնել մանկական անուրջները, մենք արդեն թունավորված ենք առօրյայի թույնով, ինչը մեզ դարձնում է ձանձրալի ու պրոզայիկ: Մեզնից եզակիներին են գիշերներն այցի գալիս հրաշք տեսիլքները ծաղկուն բլուրների ու այգիների, արևի լույսի տակ երգող շատրվանների, ոսկեզօծ ժայռերի, որոնց ոտքերի տակ փշրվում են ծով ալիքները, զառիթափ դաշտերի, որ իջնում են բրոնզ ու քար հագած քնած քաղաքի վրա, թափանցիկ այրուձիի' կուրացուցիչ ճերմակ նժույգներով, որ վարգում է ննջող անտառի եզրով: Եվ այդ ժամանակ մենք հասկանում ենք, որ մի ակնթարթ հայացք նետեցինք կախարդական աշխարհին փղոսկրե դարպասների միջից, աշխարհին, որը մեր տիրապետության տակ էր մինչ այն պահը, երբ մենք խելոքացանք ու դարձանք դժբախտ