Ոստիկանները Արեշ թաղամասում կանխել են զինված «ռազբորկան». 8 անձ բերման է ենթարկվել, հայտնաբերվել է զենք ու թմրամիջոցներ
Ոստիկանները մարտի 3-ին Երեւանում իրականացրել են հատուկ օպերացիա, ինչի շնորհիվ հնարավոր է եղել կանխել առանձնապես ծանր հանցագործություն։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի փողոցի 8/1 հասցեում մի խումբ երիտասարդներ հավաքվել են և իրենց միջև «ռազբորկա են անում» ու հնարավոր է, որ նրանք զինված են։
Իրավապահները նշված հասցեում գտնվող ավտովերանորոգման կետի շինությունից ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց պահելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել 8 անձի։
Կայքի տեղեկություններով՝ նրանցից մեկը, տեսնելով ոստիկաններին, գոտկատեղից ատրճանակը հանել և շպրտել է սենյակի տեսանելի հատվածում։ Բերման ենթարկվածներն են Երևանի բնակիչներ՝ 27-ամյա Իշխան Թովմասյանը, 33-ամյա Դավիթ Սահակյանը, 25-ամյա Պետրոս Մինասյանը, 30-ամյա Արթուր Աֆրիկյանը, Կոտայքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Ռուբեն Հակոբյանը, Ջրվեժ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Վարդգես Բերակչյանը։
Պարզվել է, որ ատրճանակը նետած անձը Կոտայքի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արտակ Խաչատրյանն է։ Անձնական խուզարկությամբ Ի. Թովմասյանի մոտ հայտնաբերվել է 1 հատ մոխրացած հետքերով կաթուցիչ, 1 հատ մոխրացած հետքերով ապակյա կոլբա, 1 հատ ծալովի դանակ։ Իսկ Ա. Աֆրիկյանի մոտ հայտնաբերվել է 1 հատ մոխրացած հետքերով կաթուցիչ, 1 հատ մոխրացած հետքերով ապակյա կոլբա։
Վերջիններս հայտարարել են, որ հայտնաբերվածները պատկանում են իրենց։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Բերման ենթարկվածները բաց են թողնվել, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական, դատանյութագիտական փորձաքննություններ։