Նորատ Տեր-Գրիգորյանց. եթե Երևանը ճանաչեր Արցախը, ՌԴ-ն կկիրառեր նույն մեխանիզմները, ինչ ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում
Թուրքական Bayraktar ԱԹՍ-ները կարելի է խոցել զենիթային գնդացիրների օգնությամբ կամ էլ վնասազերծել ՌԷՊ միջոցներով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։
«ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ուժերն արդեն խոցել են մի քանիսը։ Ակնհայտ է, որ զենք է կիրառվում, որը հաջողությամբ պայքարում է դրանց դեմ»,- ասաց գեներալը։
Նշենք, որ վերոնշյալ ԱԹՍ-ները զանգվածաբար կիրառվել են Արցախում, եւ քանի որ Թուրքիան Ղրիմը ռուսական չի ճանաչում, այդ զենքը մատակարարել է Ուկրաինային՝ ռուս ժողովրդին ոչնչացնելու համար։ Ռուսաստանը հետեւություններ է արել այս ամենից։
«Եթե, օրինակ, Արցախում տանկերի մոտ տեղադրեին ծխածածկույթ եւ հրածածկոց, ապա դա կդժվարացներ ԱԹՍ-ն կառավարող օպերատորի համար տեսանելիությունը։ Բացի այդ, հայկական ուժերը բազայից ստացել էին ՌԷՊ միջոցներ»,- ասաց գեներալը։
Եթե Երևանը ճանաչեր Արցախը, ՌԴ-ն կկիրառեր նույն մեխանիզմները, ինչ ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում։ Վստահ է գեներալը:
«Այժմ այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, այն է, ինչ պետք է տեղի ունենար Արցախում՝ Հայաստանի կողմից ճանաչվելու դեպքում։
Պետք էր նույն կերպ վճռական գործողություններ ձեռնարկել։ Հայաստանում ոչ մի իշխանություն չճանաչեց Արցախը, իսկ Պուտինը վճռական անձնավորություն է, նա ճիշտ որոշում կայացրեց՝ ճանաչելով ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն։ Եվ քանի որ ճանաչեց, հանձնարարեց պաշտպանության նախարարին ապահովել ռուս ժողովրդի անվտանգությունը։
44-օրյա պատերազմի ժամանակ Պուտինն ասել է, որ եթե թշնամին ներխուժի Հայաստանի տարածք, ապա ՀԱՊԿ-ն պատրաստ կլինի միջամտել։ Երբ ճանաչում ես, փոխադարձ օգնության պայմանագրեր են կնքվում, եւ առանց պայմանագրի անհնար էր զորք ուղարկել (Արցախ-խմբ.)։ Հայերի ուղղությամբ կրակում էին, իսկ ՀՀ իշխանությունը պատշաճ կերպով չէր արձագանքում»,- ասաց նա։
Գեներալի խոսքով՝ Ուկրաինայում ռուսական գործողության ավարտը կախված է ոչնչացման ենթակա օբյեկտների քանակից եւ դրա համար պահանջվող ժամանակից։
«Դա կարող է ավարտվել ցանկացած պահի»,- հավելեց Գրիգորյանցը։