Շինարարության ընթացքում խափանվելու է ինստիտուտի աշխատանքը․ գիտաշխատող
Կառավարությունը պետք է իր հստակ դիրքորոշումը հայտնի եւ հիմնովին փոխի իր դիրքորոշումը գիտության հանդեպ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը։
«Դիմել ենք ԿԳՄՍ նախարարին, մեզ ընդունեց երեք օր առաջ։ Նախկինում էլի ենք հանդիպումներ ունեցել նախարարի հետ։ Այս ամենի գործառույթն իրականում քաղաքապետարանի եւ քաղաշինության կոմիտեի հսկողության տակ են։ ԿԳՄՍ-ից պարզապես խորհուրդ են հարցնում, դեմ լինի, թե՝ կողմ, չեն հարցնում»,- նշեց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ընթացող շինարարության աղմուկի պատճառով աշխատելն անհնար է։ «Այնտեղ ստորգետնյա ավտոկայանատեղի է լինելու՝ 200 ավտոմեքենայի համար, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան են փորելու։ Բուն շինարարության ընթացքում խափանվելու է ինստիտուտի աշխատանքը։ Կառավարությունը կարող է հետ գնել տարածքը կամ տրամադրել այլ տարածք։ Կորցնելու ենք գիտության համար մի անգին կենտրոն, որը հետագայում չենք կարողանալու ունենալ։ Այս ամենի հեռահար նպատակը շատ պարզ է՝ պարզապես այդ ինստիտուտը վերանում է այդտեղից, որովհետեւ վեց հեկտար հող է»,- ասաց նա։