Նինոծմինդայում երկրաշարժի հետեւանքով ավերվածություններ եւ փլուզումներ չկան
Վրաստանի Նինոծմինդա քաղաքում երեկ՝ փետրվարի 13-ին, գրանցված 6,2 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով փլուզումներ եւ տուժածներ չկան։ Այս մասին ասել է Նինոծմինդա քաղաքի կազմի մեջ մտնող Գորելովկա համայնքի ղեկավար Մնացական Բաբաջանյանը։
«Էպիկենտրոնը մեր համայնքում է եղել։ Ավերվածություններ, փլուզումներ չունենք։ Շատ շենքերի վրա եւ բնակարաններում ճաքեր են եղել։ Չնչին վնասներ ենք կրել։ Իսկ ընդհանուր Նինոծմինդայի շրջանում ոչ մի վնաս չկա»,- ասաել է Բաբաջանյանը։
Մնացական Բաբաջանյանի խոսքով՝ իր համայնքի բնակչության 85 %-ը հայեր են, ընդհանուր Նինոծմինդա քաղաքի 90 %-ն են կազմում հայերը։
«Երկրաշարժի ժամանակ մարդկանց մեծ մասը դրսում էր, որովհետեւ Տրնդեզի առթիվ տոնակատարություն էր կազմակերպված։ Մնացած մարդիկ էլ, որոնք շենքերում էին, ցնցումների ժամանակ դուրս են վազել։ Տուժածներ չունենք»,- Բաբաջանյանի խոսքով՝ երկրաշարժին հաջորդել են մի քանի հետ ցնցումներ։
«Գիշերը տասնմեկի մոտերքում ուժեղ հետցնցում եղավ։ Հետցնցումներ են եղել նաեւ երեքից չորսի միջակայքում, սակայն շատ թեթեւ, մարդկանց մեծ մասը քնած են եղել, չեն էլ զգացել։ Առհասարակ մեզ մոտ վերջին ամիսների ընթացքում շատ հաճախ են երկրաշարժեր լինում՝ 3-5 մագնիտուդով։ Մեր համայնքի մեծահասակ բնակիչները, որոնք տեսել են 1988 թվականի երկրաշարժը, վախենում են, անհանգստացած են, իսկ երիտասարդները շատ թեթեւ են վերաբերվում»։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վրաստանում, ինչից հետո 3,1 մագնիտուդով եւս 6 ցնցում է գրանցվել։ Ժամը 22։25-ին երկրաշարժ է գրանցվել նաեւ Հայաստանում։ Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ եւ Երեւան քաղաքում 3 բալ ուժգնությամբ: