Հոգնեցուցիչ մարզումները մեծացնում են քաշ հավաքելու հավանականությունը
Նիդեռլանդների Լեյդեն քաղաքի «Առողջապահության, բժշկության և նյարդահոգեբանության» ամբիոնի մասնագետները, իսպանացի գործընկերների հետ միասին, մոտ 21 տարեկան երիտասարդների օրինակով ուսումնասիրել են ակտիվ սպորտային մարզումների և սնվելու կարծրատիպերի միջև փոխկապվածությունը, հաղորդում է Комсомольская правда պարբերականը։
Ընդհանուր առմամբ, հետազոտությանը մասնակցել է 329 մարդ։ Պարզվել է, որ մարզադահլիճում ծանրաբեռնված և աերոբիկ վարժություններ (թեթև քաշով, բայց բազմաթիվ կրկնություններով, սրտի բաբախյունի կտրուկ աճ չառաջացնող, բայց թոքերը թթվածնով լցնող վարժություններ – խմբ.) նախընտրող երիտասարդների մոտ սննդային վարքի խանգարման ախտանիշներ դրսևորվել են 2 անգամ ավելի հաճախ՝ համեմատած նրանց հետ, ովքեր չեն ծանրաբեռնել իրենց մարզասրահում:
Այլ կերպ ասած՝ մարզվելուց հետո նրանք դատարկել են սառնարանը։ Արդյունքում, սլացիկ կազմվածքի ձևավորման փոխարեն՝ առաջացել է բուլիմիա և ավելորդ քաշ։
Ըստ հոգեբանական գիտությունների դոկտոր Մարինա Ռոզենովայի՝ եթե մարդն ունի ադիկտիվ վարքի հակում, ապա նա կախվածություն է ձեռք բերում մարզասրահում ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, իսկ այդ կախվածությանը միանում նաև սննդից կախվածությունը։
Անշուշտ, ակտիվ մարզվող ոչ բոլոր մարդկանց մոտ կառաջանա սննդային վարքի խանգարում։ Դա կախված է անձի տեսակից։