Վրաստանում չեղարկում են «կանաչ անձնագրերը»
Վրաստանում չեղարկում են «կանաչ անձնագրերը», ճեպազրույցում ասել է COVID-19-ի տարածման դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն, տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Դեկտեմբերի 1-ից Վրաստանում սկսել էր գործել այսպես կոչված «կանաչ անձնագիրը», որը ճանաչվել էր նաև ԵՄ-ում։ Առանց քովիդ-անձնագրերի չէր կարելի այցելել ռեստորաններ, թատրոններ, ֆիթնես-կենտրոններ եւ այլ հաստատություններ։
«Հաշվի առնելով օմիկրոնի տարածման արագ տեմպը եւ վիրուսի թույլ ընթացքը, ինչպես նաեւ համաշխարհային գործելակերպը՝ խորհուրդը որոշել է չեղարկել «կանաչ անձնագրի» պարտադիր պահանջը»,- ասել է Գիբրաձեն։
Նա ընդգծել է, որ COVID-19-ի հաշվառման բոլոր համակարգերը մնում են գործողության մեջ։
«Այն անձինք, որոնց «կանաչ անձնագիրը» պետք է արտասահման մեկնելու համար, նորից կկարողանան օգտվել այդ մեխանիզմից»,- պարզաբանել է Գիբրաձեն։
Վրաստանի քաղաքացին այսպես կոչված «կանաչ կարգավիճակը» ստանում էր այն դեպքում, եթե լիովին պատվաստված էր, հիվանդացել էր կորոնավիրուսով եւ վիրուսի հաստատման պահից անցել էր առնվազն 14 օր, հանձնել էր ՊՇՌ թեստ 72 ժամ կամ հակագենային թեստ՝ 24 ժամ վալիդությամբ։
Խորհրդի նիստում մեկ անգամ եւս ընդգծվել է պատվաստման կարեւորությունը վիրուսով վարակվելու դեպքում հնարավոր բարդությունները կանխելու համար։ Հատկապես կարեւոր է, որպեսզի պատվաստվեն այսպես կոչված ռիսկի խմբերը, որպեսզի նրանց առողջական վիճակն ավելի չվատանա։ Ռիսկի խմբերում պատվաստումը խրախուսելու նպատակով, ինչպես հայտնի է, հատուկ քարոզչությունը կշարունակվի փետրվարի ընթացքում, եւ երկրի 50-ից բարձր տարիքի քաղաքացիները կստանան 200 լարի պատվաստման առաջին եւ 100 լարի՝ այսպես կոչված խթանիչ դեղաչափի համար։
2021թ. նոյեմբերի 16-ից վրացական քովիդ-անձնագրերը ճանաչել են Եվրամիության երկրները։