«Ես եմ խնդրողը եղել. շատերին եմ խնդրել». Վահագն Խաչատրյանը՝ Արամի 3 շենքը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին տալու մասին
Այստեղ քիչ մարդ կա, որ այդ շենքը հիշի, այն շենքը, որ վերակառուցվել է եւ դարձել է Երեւանի ամենագեղեցիկ շենքերից մեկը: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ Երևանի քաղաքապետ եղած ժամանակ Արամի 3 հասցեի շենքը հատկացրել են «Սիլ կոնցեռնի» հիմնադիր Ալբերտ Սուքիասյանի կոոպերատիվին 5655 դոլարով:
Նա ընդգծեց, որ ինքն է խնդրել, որ այդ շենքը գնեն. «Ես եմ խնդրողը եղել, որ գնեն: Շատերին եմ խնդրել, ցավոք սրտի, արձագանքողներ քիչ են եղել:
1993-1995 թվականներին Երեւանում ներդրում անողների թիվը անսահման փոքր էր, գրեթե զրո: Առիթ կլինի, դրա մասին կխոսեմ»,-ասաց նա՝ հավելելով, որ դա հաջող գործարք էր:
«Ես կուզեմ, որ այսօր Հայաստանում շատ մատչելի գնով ներդրողներին տրամադրեն այդպիսի չկառուցված, քանդված կամ կիսաքանդ վիճակում անշարժ գույքեր»,-ընդգծեց Խաչատրյանը:
Դիտարկմանը, թե շատերը պնդում են, որ ՀՀՇ-ն վերադառնում է, նա արձագանքեց. «Ես եղել եմ Հայոց համազգային շարժման շարքային անդամ, բայց ոչ կուսակցական: Եթե այդպես է, ուրեմն վերադարձել է: Ես այդ շարժման անդամ եմ 1988-ից, ես գտնում եմ, որ այն օրվանից, երբ ես եկել եմ Օպերայի հրապարակ, ես այդ գործին եմ նվիրվել: Ցավոք սրտի, այն խնդիրները, այն նպատակները, որոնք այն ժամանակ մեր առջեւ դրել ենք, մինչեւ հիմա չենք կարողացել իրականացնել: Ես ուզում եմ, որ մինչեւ վերջ իրականացնենք այն, ինչն ուզում էինք 1988-ին: Ունենանք ազատ, անկախ Հայաստան, որտեղ բոլորս երջանիկ, բարեկեցիկ կյանքով ապրենք եւ ամենակարեւորը՝ լինենք ազատ: