Քանի դեռ Հանրապետության նախագահի հրաժարականն ընդունված չէ, Արմեն Սարգսյանը գործող նախագահն է, իսկ ինձ նախագահ դառնալու առաջարկ չի արվել.Էդմոն Մարուքյան
Քանի դեռ Հանրապետության նախագահի հրաժարականն ընդունված չէ, Արմեն Սարգսյանը գործող նախագահն է, այսօր ուղերձով հանդես է եկել, հետևաբար անլուրջ է նման քննարկումներ իրականացնելը: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին՝ Բանակի օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրգրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ ՀՀ նախագահի պաշտոնում շրջանառվում է նաեւ իր անունը:
«Նաեւ շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք անընդհատ ինձ տեսնում են տարբեր բարձր պաշտոններում: Քանի՞ թափուր պաշտոն առաջացավ, որտեղ իմ անունը քննարկվում էր՝ Մարդու իրավունքների պաշտպան, հեղափոխությունից հետո գլխավոր դատախազ, հիմա ՀՀ նախագահ»,-ասաց նա՝ հավելելով, որ նախագհի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ իրեն չի եղել, չէր էլ կարող լինել:
«Ես վստահ եմ, որ իշխանությունն այս պահին չի էլ քննարկել այդ հարցը: Ինձ իշխանությունից որեւէ պաշտոնի առաջարկ չի արվել, որ ինձ պատկերացնեմ, կամ չպատկերացնեմ: Դա սխալ քննարկում է: Ես ինձ միշտ խորհրդարանում էի տեսնում, ընտրությունների արդյունքով այսօր խորհրդարանում չենք, բայց դա չի նշանակում, որ չենք ծառայում մեր երկրին: Անպայման պետք է մի պաշտոնի լինենք, որ ծառայե՞նք մեր երկրին: Հիմա ես ավելի շատ արտաքին քաղաքակն հարթակներում եմ ներգրավված, քան ներքաղաքական: Ներքաղաքական չեմ էլ արձագանքում»,-ասաց նա: