ԵՄ-ն աջակցում է հայ-թուրքական շփումներին այսպես կոչված «3+3»-ում եւ հնարավոր շփումներին` Անթալիայում․ Կլաար

Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանն ու հաղորդակցությունների բացմանը, ինչը կարևոր նպատակ է տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ սպասելիքներ ունի Եվրամիությունը Հայաստան-Թուրքիա բանակցություններից։
«Մենք նաև աջակցում ենք Երևանի և Ստամբուլի միջև չվերթների սպասվող վերսկսմանը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների միջև բարձր մակարդակի շփումներին ինչպես այսպես կոչված «3+3» հարթակում, այնպես էլ՝ հնարավոր այլ շփումները Անթալիայի Դիվանագիտական ֆորումում»,- շեշտել է Կլաարը։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ հունվարի 21-ին Երևան կատարած այցի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ ունեցած հանդիպմանը «այս հարցերի վերաբերյալ մտքերի շատ հետաքրքիր փոխանակում է տեղի ունեցել»։
«Ինձ թվում է, որ նրա՝ (Ռուբեն Ռուբինյանի - խմբ․) դեկտեմբերի 14-ին Մոսկվայում Թուրքիայի իր գործընկերոջ հետ ունեցած առաջին հանդիպումը բարձր է գնահատվել երկու կողմից էլ։ Եվրամիությունը ողջունում է այս ջանքերն ու պատրաստ է իր ներդրումն ունենալ հետագա ցանկացած դրական զարգացման մեջ, եթե կողմերը համապատասխան հետաքրքրվածություն ցուցաբերեն։
Ինչպես վերջերս Հայաստանի մի շարք պաշտոնյաների՝ այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով է հայտարարվել, մենք ակնկալում ենք, որ այս գործընթացը կայունություն և բարգավաճում կապահովի տարածաշրջանի ժողովուրդների համար։ Հույս ունենք մոտ ապագայում այս ուղղությամբ լրացուցիչ կոնկրետ քայլեր տեսնել։ Ես հույս ունեմ, որ դա կհանգեցնի դիվանագիտական հարաբերությունների՝ երկար սպասված հաստատմանը և հայ-թուրքական սահմանի բացմանը»,- ընգծեց Կլաարը։