45 միլիարդ դրամ փոխհատուցում՝ 4689 դեպքով. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 5 տարեկան է. 1Lurer.am
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 5 տարեկան է: 2017-ին ստեղծված կառույցն ամփոփել է կատարած աշխատանքները, ներկայացրել ապագայի տեսլականը: Հիմնադրամն այսօր հատուցում է 4689 դեպքով. 44-օրյա պատերազմից առաջ այդ թիվը 417 էր և ներառում էր 2008 թվականից հետո տեղի ունեցած դեպքերը:
Տաթևիկ Յաղջյան, ԶԱՀ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար - Կան գործեր, որոնք դեռևս հիմնադրամ չեն եկել՝ կապված զինծառայողների անհայտ բացակայող ճանաչելու գործընթացի հետ, բայց, մեծամասամբ, գործերը հատուցվում են, և կարևոր եմ համարում նշել, որ հիմնադրամ դիմելու ժամկետ չկա, այսինքն՝ երբ էլ ընտանիքը պատրաստ լինի հոգեպես դիմել հիմնադրամին գումար ստանալու համար, նրանք դա կարող են անել:
Հիմնադրամն ստեղծվել է Հայաստանի և Արցախի զինծառայողներին, նրանց ընտանիքներին ապահովագրելու և հատուցումներ տրամադրելու նպատակով: Հոգաբարձուների խորհրդի նախագահն ասում է՝ երբ նոր էին սկսում, հանրությունն այնքան էլ միանշանակ չէր ընդունում կառույցի գործունեությունը, հետո պատկերը փոխվեց, և հինգ տարում արդեն 45 միլարդ դրամ են հատկացրել:
Իրինա Սեյլանյան, ԶԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ - Մեր բոլոր աջակիցներին, մեր բոլոր նվիրատուներին շնորհակալություն եմ ուզում հայտնել և նաև բոլոր քաղաքացիներին Հայաստանում և Արցախում, որոնք պարտադիր վճարներ են իրականացնում մեր զինծառայողների հիմնադրամի օգտին:
Ազգային համախմբվածության, կատարած պարտադիր վճարումների և նվիրաբերությունների միջոցով հիմնադրամը այսօր էլ շարունակում է գործունեությունը՝ կարևոր ուղերձով, որ որևէ զինվորի կյանքի կամ առողջության դիմաց փոխհատուցում կատարելու անհրաժեշտություն երբեք չառաջանա: Իսկ առայժմ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հիմնադիրն արձանագրում է՝ «Ազգային հաջողված նախագիծ է»:
Վարուժան Ավետիքյան, ԶԱՀ հիմնադիր և նախկին տնօրեն - Կամավորության շնորհիվ հնարավոր է եղել 4000-ից ավել ընտանիքի ֆինանսապես օգնել, նրանց կողքին լինել, 45 մլրդ դրամից ավելի հատուցում տալ:
Հիմնադրամն ստեղծման օրվանից 64 միլիարդ դրամ է հավաքել: Ընդ որում՝ 11 միլիարդը՝ կամավորների կողմից, մնացածը քաղաքացիների պարտադիր վճարների: