Արմեն Սարգսյանի բերված փաստարկները հիմք չէին հրաժարականի համար. Հովիկ Աղազարյան
Ես ունեմ իմ պատկերացումները Արմեն Սարգսյանի հրժարականի մասին, բայց բոլոր դեպքերում, պետք է այդ ամենը մարսեմ, նոր կարողանամ անդրադառնալ դրան: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Անդրադառնալով Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառաբանություններին, նա ասաց. «Ծանոթ եմ տեքստին, որոշ բաներ ինձ համար հասկանալի եմ, որոշ բաներ էլ անհասկանալի են: Երբ կան անհասկանալի բաներ, ընդհանուր գնահատական տալը շատ դժվար է: Իմ տպավորությունն այն է, որ նրա բերված փաստարկները հիմք չէին հրաժարականի համար»:
Աղազարյանը հայտարարեց, որ շատ բարձր չի գնահատում նախագահի 4-ամյա գործունեությունը:
Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի այն հայտարարությանը, թե երբ ընդունել է նախագահի պաշտոնը, իրեն ասել էին, որ կունենա որոշակի լիազորություններ, բայց տեղի էին ունեցել 2018-ի իրադարձությունները, Աղազարյանն ընդգծեց. «2018-ին տեղի են ունեցել ոչ թե իրադարձություններ, այլ հեղափոխություն: Հետեւաբար նախագահին վայել չէ այդպիսի եզրույթ օգտագործել այդ դեպքերի համար»:
Դիտարկմանը, որ համաանցում որպես ՀՀ նախագահի թեկնածու շրջանառվում է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի անունը, Աղազարյանն ասաց. «Ես Էդմոն Մարուքյանի մասին շատ բարձր կարծիքի եմ, բայց թեկնածության մասին որեւէ բան չեմ կարող ասել»: