2021-ին բյուջեից 6 մլրդ 700 մլն դրամ է հատկացվել վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժմանը. Նախարար
2021 թվականին ՀՀ պետբյուջեից 6 մլրդ 700 մլն դրամ է հատկացվել վիրավոր զինծառայողների վերականգնողական օգնությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով, այս ծրագրին ի սկզբանե 3 մլրդ 296 մլն դրամ էր հատկացվել, սակայն այդ գումարը տարվա ընթացքում բազմաթիվ անգամ վերանայվել էր: Ամբողջ տարվա ընթացքում այս ծրագրին ուղղվել էր 6 մլրդ 700 մլն դրամ:
Ինչպես նշեց նախարարը, ֆինանսավորման մեխանիզմով այս ծրագիրը տարբերվում է այլ ծրագրերից. դրա ֆինանսավորումը օֆերտայի սկզբունքով է կազմակերպվում՝ այսինքն, ծառայությունները մատուցելու կատարողականի հիմքով, եւ ֆինանսավորումը սահմանափակված չէ տարեկան բյուջետային շրջանակներով: