Արագածոտնի մարզում 38-ամյա վարորդը Toyota-ով մոտ 120 մետր ապառաժ քարերին բախվելով, հայտնվել է ձորում
Հունվարի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 38-ամյա Հարություն Մանադարյանը, իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, մոտ 120 մետր բախվել ապառաժ քարերին և հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, Հ. Մանադարյանը տեղում մահացել է:
Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ապա այն պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ: