Խանութներում կաթնային ճարպի փոխարինիչ պարունակող կաթնամթերքը առանձին կցուցադրվի
Առեւտրի կետերում կաթնամթերքը պետք է ցուցադրվի առանձին դարակներում: Սա անհրաժեշտ է բնական հումքից պատրաստված կաթնամթերքի եւ բուսայուղի եւ այլ կաթնային ճարպի փոխարինիչներ պարունակող կաթնամթերքի տարբերակման համար: Այս մասին հունվարի 19-ին «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Միաժամանակ, դարակների վրա պետք է լինի «պարունակում է կաթնային ճարպի փոխարինիչ» նշումը։
«Ծրագրի նպատակն է պաշտպանել սպառողների շահերը՝ նրանց տեղեկացնելով կոնկրետ կաթնամթերքի բաղադրության մասին»,- վստահեցրեց նախարարը։
Նա տեղեկացրեց նաեւ, որ իր ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովում, ինչպես նաեւ մասնավոր հատվածի հետ։
Նշենք, որ տվյալ նախաձեռնությունը տեղին է․ խանութներում վաղուց հայտնվել են «թթվասերի» նման անհասկանալի ապրանքներ։ Մնում է կռահել՝ արդյոք նախաձեռնությունը կտարածվի պաղպաղակի վրա, որոնց մեծ մասի բաղադրության մեջ բուսայուղ կա։