Արարատի մարզում դպրոցի 52-ամյա տնօրենը որդու գերեզմանին ինքնասպանության փորձ է արել
Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 13-ին Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի կողմից ինքնասպանության փորձ կատարելու փաստով: Այդ օրը՝ ժամը 11:40 –ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվի էսենցիայով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոց է մեկնել օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ տեղափոխվածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 52-ամյա կին է: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, նա իրենց գյուղում՝ իր որդու գերեզմանին, ինքնասպանություն գործելու նպատակով խմել է քացախաթթվի էսենցիա:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:
Կայքի տեղեկություններով՝ այդ կինը աշխատում է Արարատի մարզի դպրոցներից մեկում՝ որպես տնօրեն: