ՆԱՏՕ-ն հրապարակել է տիեզերքի վերաբերյալ ռազմավարությունը
Հյուսիսատլանտյան դաշինքը երկուշաբթի հրապարակել է տիեզերքում ՆԱՏՕ-ի համապարփակ քաղաքականությունը, որում ամրագրված են կազմակերպության հավաքական պաշտպանության սկզբունքները, ներառյալ հինգերորդ հոդվածը տիեզերական տարածության վրա տարածելու մտադրությունը:
ՆԱՏՕ-ն իր տիեզերական ռազմավարությունը համաձայնեցրել է դեռ 2019 թվականին։ Տիեզերքում սպառնալիքներին համատեղ արձագանքելու մասին որոշումը, ներառյալ հինգերորդ հոդվածի կիրառման հնարավորությունը, ընդունվել է 2021 թվականի հունիսին Բրյուսելում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում: Հյուսիսատլանտյան պայմանագրի հինգերորդ հոդվածի համաձայն՝ Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում դաշինքի մեկ անդամի վրա հարձակումը դիտվում է որպես հարձակում դաշինքի վրա:
«Բրյուսելում 2021 թվականի գագաթնաժողովում դաշնակիցները պայմանավորվել են, որ տիեզերական ուղղությամբ, տիեզերքից եւ տիեզերական տարածությունից հարձակումներն ակնհայտ մարտահրավեր են դաշինքի անվտանգության համար», – ասված է փաստաթղթում:
Տիեզերական հարձակումների հետևանքները «կարող են սպառնալ պետությունների և եվրատլանտյան գոտու բարգավաճմանը, անվտանգությանը, կայունությանը և կարող են նույնքան կործանարար լինել ժամանակակից հասարակությունների համար, որքան սովորական սպառազինության կիրառման հետևանքները:
«Քաղաքականության» մեջ արտացոլված է նաև ՆԱՏՕ-ի մտադրությունը՝ տիեզերքն ինտեգրել դաշինքի Հավաքական անվտանգության և պաշտպանության համակարգ՝ կիբերտարածության, ծովային, օդային և ցամաքային միջավայրի հետ մեկտեղ:
«Տիեզերքը գլոբալ միջավայր է, տիեզերքում տարածվող ցանկացած հակամարտություն կարող է ազդել այդ տարածքի բոլոր կողմերի վրա։ Նույնիսկ այն դեպքերում, երբ ՆԱՏՕ-ն ներգրավված չէ հակամարտության մեջ, դաշնակիցների տիեզերական համակարգերը կարող են շոշափվել… տիեզերքը կարևոր է համակարգված զսպման և պաշտպանության համար», – ընդգծում են ՆԱՏՕ-ում:
Ընդ որում, դաշինքում նշում են, որ ՆԱՏՕ-ի գործունեությունը տիեզերքում կիրականացվի միջազգային իրավունքի շրջանակներում, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը:
Դաշինքը հանդես է եկել տիեզերքում պատասխանատու վարքագծի նորմերի, կանոնների և սկզբունքների մշակմանն ուղղված միջազգային ջանքերի օգտին:
Ռազմավարության համաձայն՝ դաշնակիցները նույնպես պատրաստվում են տիեզերքն ավելի ակտիվ ընդգրկել զորավարժություններում։