Ուկրաինայի կառավարական կայքերը լայնածավալ հաքերային հարձակման են ենթարկվել
Այս գիշեր Ուկրաինայի կառավարության կայքերի վրա խոշոր հաքերային հարձակում է իրականացվել, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։
Այս պահին Ուկրաինայի իշխանությունների պաշտոնական կայքերը չեն աշխատում, մասնավորապես՝ Նախարարների կաբինետի, Համայնքների եւ տարածքների զարգացման նախարարության, սպորտի, էներգետիկայի նախարարության, կրթության նախարարության, ագրարային քաղաքականության նախարարության, արտաքին գործերի նախարարության եւ պետական գանձարանի կայքերը։ Նաև չի աշխատում «Դիյա» հավելվածի կայքը։
«Ուկրաինացի՛: Ձեր բոլոր անձնական տվյալները վերբեռնվել են ընդհանուր ցանց: Համակարգչի բոլոր տվյալները ոչնչացվում են եւ չեն կարող վերականգնվել: Ձեր մասին բոլոր տեղեկությունները հրապարակային են դարձել, վախեցեք եւ սպասեք ամենավատին։ Սա ձեզ՝ անցյալի, ներկայի եւ ապագայի համար է: Վոլինի, ՕՈՒՆ ՈւՊԱ-յի, Գալիցիայի, Պոլեսիեի եւ պատմական հողերի համար»,- ուկրաիներեն, ռուսերեն եւ լեհերեն նման հաղորդագրություն կարելի է տեսնել արտաքին գործերի նախարարության գլխավոր էջին։