Նպատակ ունենք փոքր ու միջին ձեռնարկությունները մասնաբաժինը տնտեսության մեջ 30-ից հասցնել 55 տոկոսի. Քերոբյան
Էկոնոմիկայի նախարարությունը նպատակ ունի կտրուկ բարձրացնել փոքր ու միջին ձեռնարկությունների դերը եւ մասնաբաժինը ՀՀ տնտեսության մեջ՝ հասցնելով այսօրվա 30 տոկոսից 55 տոկոսի: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Այդ նպատակով ծրագրեր ենք նախատեսում, որ կարողանանք օգնել աճի բարձր ներուժ ունեցող ընկերություններին հաղթահարել ինկուբացիոն շրջանը»,-ասաց նա:
Անդրադառնալով գնաճին, նախարարը նշեց. «Մեր երկրում կա գնաճ, դեկտեմբերի ցուցանիշը 7,7 տոկոս է, որն ավելի քիչ է, քան նոյեմբերի ցուցանիշը: Թե կառավարությունը, թե Կենտրոնական բանկը շատ մտահոգ են գնաճը զսպելու հարցում, որովհետեւ, դա անմիջապես ազդում է մարդկանց կյանքի որակի, բարեկեցության վրա:
ԿԲ-ն դեկտեմբերին վերաֆինանսավորման տոկոսադրույքը 7,25 տոկոսից բարձրացրեց 7,75 տոկոսի: Սա եւս ցույց է տալիս, որ ԿԲ-ն գործողություններ է անում: Մենք էլ մեր կողմից մեր գործողություններն ենք անում, որ մարդիկ ավելի մեծ եկամուտներ ունենան, բարձր աշխատավարձ ունենան: Դրան ուղղված բազմաթիվ ծրագրեր կան»: