Տոկաևը կրկին երախտագիտություն է հայտնել ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ իր իշխանությունը պահպանելու համար
Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունները պետական հեղաշրջման փորձ էին։ Այս մասին ՀԱՊԿ երկրների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովում հայտարարել է Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը։
Նա հայտնել է, որ անկարգությունները երկար ժամանակ նախապատրաստվել են։ Նրա խոսքով՝ Ղազախստանում անկարգությունների ալիքն առաջացել է «մեկ հրամանով»։
Նշելով, որ բնակչության դժգոհության պատճառը գազի թանկացումն է՝ Տոկաեւը, այնուամենայնիվ, ցուցարարներին անվանել է ավազակներ եւ հայտարարել բողոքի ակցիաներում ահաբեկիչների ենթադրյալ առկայության մասին։ Նա նաեւ նշել է, որ Ղազախստանում զոհվել է 16 իրավապահ։
Բացի այդ, նա հայտարարել է Ղազախստանում անկարգություններին «ահաբեկիչների», այդ թվում՝ օտարերկրյա մարտիկների անմիջական մասնակցության մասին։ Նա ընդգծել է, որ Ղազախստանն ավելի ուշ աշխարհին կներկայացնի ահաբեկչական ագրեսիայի նախապատրաստման ապացույցներ։
Նրա խոսքով՝ Ղազախստանում սահմանադրական կարգը վերականգնվել է։ Տոկաեւը հայտնել է, որ հունվարի 11-ին առաջարկներ կանի կառավարության նոր կազմի հարցով։
Տոկաեւը նշել է, որ հունվարին ճգնաժամը դարձել է ամենամեծը հանրապետությունում երկրի անկախության ողջ պատմության ընթացքում։ «Հունվարին մի քանի օր շարունակ Ղազախստանն անցել է լայնածավալ ճգնաժամի միջով։ Դա դարձել է ամենադժվարը անկախության ողջ երեսնամյա պատմության մեջ»,-ասել է Տոկաեւը։ Նրա խոսքով՝ Ղազախստանում քաղաքական պահանջները լսվել եւ կատարվել են։
Տոկաեւն ընդգծել է, որ ՀԱՊԿ բոլոր երկրները հանդես են եկել որպես միասնական ճակատ՝ օգնելու Ղազախստանին, ՀԱՊԿ-ն ցույց է տվել իր պահանջվածությունն ու արդյունավետությունը։ Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀԱՊԿ-ին ուղղված երկրի կոչին արագ արձագանքելու համար, շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ստեղծված իրավիճակի կարգավորման գործում ցուցաբերած օգնության եւ մշտական կապի մեջ լինելու համար։
ՀԱՊԿ հանդիպման ժամանակ Տոկաեւն առաջարկել է օպտիմալացնել ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու ժամկետները։