Հունաստանում ՀՀ դեսպանատունը ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը Սեւան Նիշանյանի խնդիրը կարգավորելու նպատակով
Հունաստանում Հայաստանի դեսպանությունը տեղյակ է պոլսահայ մտավորական, Հայաստանի քաղաքացի Սեւան Նիշանյանի շուրջ ծավալված գործընթացից եւ ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու նպատակով։ Այս մասին հայտնում են դեսպանությունից:
Հիշեցնենք, որ Հունաստանի կառավարությունը չի երկարաձգել Սեւան Նիշանյանի՝ Հունաստանի քաղաքացու հետ ամուսնացած լինելու կապակցությամբ ձեռք բերված կացության իրավունքի ժամկետը, որը լրացել է դեկտեմբերի 29-ին: Տարածված տեղեկությունների համաձայն՝ Նիշանյանը դեկտեմբերի 30-ին ձերբակալվել է կացության կարգավիճակի ժամկետի լրանալու պատճառով: Նշվում է, որ Նիշանյանին արտաքսելու որոշում է կայացվելու:
Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, որը Թուրքիայում 11 տարվա ազատազարկման էր դատապարտվել, բանտից փախուստի էր դիմել 2017 թվականի հուլիսի 14-ին: 2017 թվականի հուլիսի 25-ին Նիշանյանը հայտնել էր, որ ապաստան ստանալու համար դիմել է Հունաստանի իշխանություններին: