Սեբաստիան Կուրցը կաշխատի Թրամփի համախոհ հանրապետականի ընկերությունում
Ավստրիայի նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցն ավստրիական OE24 հեռուստաալիքի հետ զրույցում հաստատել է, որ աշխատելու է ԱՄՆ-ում՝ Դոնալդ Թրամփի աջակից, միլիարդատեր եւ ներդրող Փիթեր Թիելի ընկերությունում:
Նշվում է, որ Կուրցը փետրվարին կսկսի ԱՄՆ-ում իր նոր աշխատանքը Thiel Capital-ում՝ որպես «գլոբալ ստրատեգ»: Ընկերության ղեկավար Փիթեր Թիլը միլիարդատեր է, հայտնի ներդրող, հանրապետական եւ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի` երկար տարիների աջակիցը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Կուրցն ու Թիելը հանդիպել են 2017 թվականին Մյունխենի անվտանգության համաժողովին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ամերիկյան ընկերությունում Կուրցի աշխատավարձը զգալիորեն ավելի բարձր կլինի, քան Ավստրիայի կանցլերի պաշտոնում էր. ինսայդերների գնահատականներով` նրա ապագա տարեկան եկամուտը կարող է գերազանցել 500 հազար եվրոն, ինչը գրեթե 200 հազարով ավելի է Ավստրիայի կառավարության ղեկավարի աշխատավարձից:
Նա եւ իր ընտանիքը ժամանակի մեծ մասն անցկացնելու են ԱՄՆ-ում։
Հոկտեմբերին Սեբաստիան Կուրցը հակակոռուպցիոն հետաքննության արդյունքում հրաժարական տվեց կանցլերի պաշտոնից, իսկ դեկտեմբերին հայտարարեց քաղաքականությունից վերջնականապես հեռանալու մասին: